Տարվա այս սեզոնին հայաստանյան մարզասերներիս բուռն ուրախությունը մնում են ձմեռային մարզաձևերից անցկացվող մրցաշարերն ու ֆուտբոլային առաջատար տերությունների առաջնությունները, ինչպես նաև այն աղոտ հույսը, որ երբևիցե կգա այն ժամանակը, երբ մեզ մոտ էլ դրանք կհասնեն միջազգային մակարդակի: Իսկ քանի դեռ այդպես չէ, հարկադրված ենք ապավինել այլոց կատարումներին:
Ամենահետաքրքրական զարգացումները թերևս եղան Իսպանիայի առաջնությունում: Ճիշտ է, քսաներորդ տուրը թեև արմատական խմբագրումներ չմտցրեց առաջատար եռյակի ունեցած դասավորությունում, սակայն բեկումնային զարգացումների հիմքեր նախապատրաստեց և ահա թե ինչու: Առաջատար զույգին՝ «Բարսելոնին» ու Մադրիդի «Աթլետիկոյին», տևական ժամանակ հետապնդող Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս հինգ անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Բետիսին» ու նրանցից հետ մնալը հասցրեց նվազագույնի:
Ռեալցիների նկատմամբ միավորների նախկին տարբերությունը կարող էին վերականգնել մրցաշարի առաջատարները, եթե հաղթական ավարտեին հանդիպումները: Սակայն, ունենալով ահռելի առավելություն, նախ «Լևանտեի» հետ արտագնա խաղում գայթեց «Բարսելոնը»` հանդիպումն ավարտելով ոչ-ոքի (1:1), ապա նույնը «Սևիլիայի» հետ խաղում, սեփական հարկի տակ, նույնությամբ կրկնեց Մադրիդի «Աթլետիկոն», որը հանգամանքների բերումով տեղյակ էր հիմնական մրցակիցների հանդիպումների արդյունքին և մրցաշարը միանձնյա գլխավորելու ավելի քան ռեալ հնարավորություն ուներ: Իհարկե՝ հաղթելու դեպքում: Սակայն, ինչպես երևում է, Սիմեոնեի սաների համար հոգեբանական բարդույթը դարձավ անհաղթահարելի գործոն: Արդյունքում իսպանական առաջնությունը լրացուցիչ ինտրիգ ձեռք բերեց, ինչը հարկավ արմատապես կբարձրացնի նրա նկատմամբ եղած հետաքրքրությունը:
Ի տարբերություն իսպանականի, անգլիական պրեմիեր լիգայում առաջատար եռյակը ոչ մի կարգի «կոմպրոմիսների» գնալու պատրաստ չէ և, ձայն ձայնի տված, զբաղված է մրցակիցների հետ հաշիվները բացառապես հօգուտ իրեն լուծելու: Այսպես` «Արսենալն» իր համար նախընտրելի դարձած 2:0 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ, «Մանչեստր Սիթին» կարճատև ընդմիջումից հետո նորից եկավ այն համոզմունքին, որ հաղթելիս պիտի դա անպայման անել խոշոր հաշվով (4:2 հաշվով գերազանցել է «Կարդիֆին»), «Չելսին» սկզբունքային նշանակությամբ հաղթանակ տոնեց «Մանչեստր Յունայթեդի» նկատմամբ՝ 3:1: Լոնդոնցիների երեք գոլի հեղինակն էլ Սամուել Էտոոն է: Այստեղ ավելորդ չհամարենք նշել, որ պրեմիեր լիգայում սա «Չելսիի» մարզիչ Ժոզե Մուորինյոյի հարյուրերորդ հաղթանակն էր: Այս ցուցանիշով նա դարձավ Անգլիայում նման արդյունք գրանցած տասնհինգերորդ մարզիչը:
Տուրում սեփական հարկի տակ «Աստոն Վիլայի» հետ (2:2) ունեցած ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» «Չելսիից» հետ է մնում արդեն վեց միավորով, ինչը կարծես թե անհաղթահարելի գործոն է դառնում մեդալների համար պայքարում:
Իտալիայի առաջնությունում ընթացքի որոշ դանդաղում նկատվեց երրորդ տեղում ընթացող «Նապոլիի» խաղում, որը հյուրընկալվելիս միավորները կիսեց «Բոլոնիայի» հետ՝ 2:2: Փոխարենը հաղթական մրցելույթները շարունակեցին «Յուվենտուսն» ու «Ռոման»՝ վաստակած միավորների թիվը համապատասխանաբար հասցնելով հիսունհինգի ու քառասունյոթի: Առաջինը 4:2 հաշվով պարտության է մատնել «Սամպդորիային», երկրորդը՝ «Լիվոռնոյին» (3:0):
Ֆրանսիական առաջնության առաջատար ՊՍԺ-ն հինգ անպատասխան գնդակի առավելությամբ հերթական հաղթական միավորները վաստակեց «Նանտի» հետ խաղում (Իբրահիմովիչը նորից դուբլի հեղինակ է դարձել), «Մոնակոն» արտագնայում «Թուլուզին» հաղթեց 2:0 հաշվով, իսկ երրորդ տեղում ընթացող, քառասուն միավոր ունեցող «Լիլն» ավելի վաղ զիջել էր «Սենտ Էթիենին»՝ 0։2: Հիշեցնենք, որ առաջատար եռյակին իրարից բաժանում է հինգ միավոր:
Ֆուտբոլային գերտերություններից ինչ վերաբերում է Գերմանիային, այստեղ առաջնությունը կվերսկսվի հունվարի քսանչորսին կայանալիք Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-«Բավարիա» խաղով: Հաջորդ օրը մրցողների թվում է «մեր» «Բորուսիան»: Տեսնենք ինչ մարզավիճակով կներկայանան թիմն ու մասնավորապես Հենրիխ Մխիթարյանը: Համենայն դեպս, Յուրգեն Կլոպը ոնց որ թե արմատական է տրամադրված: Այլապես ինչպես հասկանալ նրան, երբ ասում է՝ յուրաքանչյուր խաղում պայքարելու ենք բացառապես հաղթելու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ